воскресенье, 21 декабря 2014 г.

Միջնադարյան շինություններ

  Վաղ միջնադարյան Հայաստանում բարձր զարգացման է հասել շինարարական արվեստը: Կառուցվել են ամրակուռ ամրոցներ, ապարանքներ, եկեղեցիներ, կարավանատներ, հյուրանոցներ, կամուրջներ, բնակելի տներ և այլն:
   Որպես շինանյութ հիմնականում օգտագործվել է բազմագույն տուֆ քարը, որով մեծապես հարուստ է մեր հայրենիքը: Աշխարհիկ շինությունները, որպես կանոն, զոհ են գնացել օտարների արշավանքներին, և վաղ միջնադարի մեծաքանակ շինություններից մեզ են հասել մեծ մասամբ եկեղեցիները, որոնք հատուկ խնամքով էին կառուցվում: Բացի այդ, օտարները, վախենալով «հայերի աստծու» վրեժխնդրությունից, դրանք սովորաբար չէին ավերում:
    Հայ ճարտարապետության գլուխգործոցներից է Հռիփսիմեի տաճարը Վաղարշապատում (Էջմիածնում), որը 618թ. կառուցել է Կոմիտաս կաթողիկոսը: Տաճարը լավ պահպանվել է մինչև մեր օրերը և դիտողին զարմացնում է իր գեղեցկությամբ ու ներդաշնակությամբ, իսկ մասնագետներին՝ ճարտարապետական լուծումներով:
    VII դ. կեսերին կառուցվում է Զվարթնոցի հրաշագեղ տաճարը Երևանից Էջմիածին տանող մայրուղուց ոչ շատ հեռու: Կառուցվել է Ներսես Շինարար կաթողիկոսի կողմից, ունեցել է 50 մ բարձրություն և կանգուն է մնացել շուրջ երեք դար: Կործանվել է երկրաշարժից, չնայած կարծիք կա, որ այն կործանել են արաբները: Անգամ ավերակ վիճակում այն շատ տպավորիչ է:

   Աշխարհիկ կառույցներից պահպանվել են իշխանական դղյակների, ամրոցների, նրանց պարիսպների մնացորդները: Այդ շրջանում հայոց ճարտարապետությանը հատուկ էր պարզությունը և վեհությունը:

вторник, 16 декабря 2014 г.

Զվարթնոցի տաճար

                                                   
   Զվարթնոցը կառուցվել է Ներսես Գ Տայեցի կաթողիկոսի օրոք` 643–652 թթ-ին: Տաճարը Զվարթնոց է անվանել պատմիչ Սեբեոսը, այլ աղբյուրներում հիշատակվում է նաև Վաղարշապատի Սբ Գրիգոր, Առապարի Սբ Գրիգոր անուններով:
 «Զվարթնոց» անվանումը հավանաբար առնչվում է նաև զվարթուն՝ հրեշտակ բառին: Ենթադրվում է, որ Զվարթնոցի տարածքում է եղել հեթանոսական Տիր աստծու մեհյանը: Ըստ Սեբեոսի՝ 301 թ-ին այստեղ են հանդիպել Հայոց Տրդատ Գ արքան և Գրիգոր Լուսավորիչը:Տաճարի ավերման մասին պատմական աղբյուրներում տեղեկություն չկա (հավանաբար ավերվել է երկրաշարժից). հայտնի է, որ այն կանգուն է եղել մինչև X դարը: XX դարի սկզբին ավերակ տաճարը ծածկված էր հողով. պեղումներ կատարվել են 1901–07 թթ-ին՝ Խաչիկ վարդապետ Դադյանի նախաձեռնությամբ, 1904-ից՝ Թորոս Թորամանյանի գիտական ղեկավարությամբ: Ըստ պեղված նյութերի՝ նախքան Զվարթնոցն այստեղ եղել են հեթանոսական  և IV–V դարերի կառույցներ: Հնագույնը 0,63 մ x 2,7 մ չափերի կոթողն է (գտնվում է Զվարթնոցի թանգարանում)՝ Ռուսա Բ-ի սեպագիր արձանագրությամբ: Պեղումներով հայտնաբերվել են տաճարը, կաթողիկոսական պալատը՝ օժանդակ շինություններով (բաղնիք, խցեր և այլն): Պահպանվել են տաճարի հատակը, տեղ-տեղ՝ ստորին որմնաշարը, սյուների խոյակներ, խարիսխներ, արևի քանդակազարդ ժամացույցը, խճանկարի, որմնանկարի և այլ մնացորդներ: Տաճարի կառուցման համար օգտագործվել են տարբեր որակների և երանգների տուֆեր, պոչավոր քարեր, չեչաքար, պեմզա, վանակատ և այլն:


  Տաճարը կառուցվել է յոթաստիճան պատվանդանի կենտրոնում: Արտաքուստ` եռաստիճան՝ հաջորդաբար նվազող 3 գլանաձև ներդաշնակ ծավալների միասնական շինություն էր, որի հորինվածքի միջուկը քառակոնքն է: Վերջինիս խորանները միավորված են 4 զանգվածեղ մույթերովորոնք վերին` կապող 4 կամարների և առագաստների հետ կազմում են գմբեթակիր միաձույլ համակարգ: Տաճարն ունեցել է 5 շքամուտք: Տաճարի առաջին աստիճանի ճակատային վերին մասն ընդգրկող գոտին քանդակազարդված է խաղողի որթերով, նռնազարդ ճյուղերով. որմնակամարների հանդիպման մասում հոգևոր և աշխարհիկ անձանց 32 բարձրաքանդակից պահպանվել են 9-ը: Տաճարի ներսում խոյակների թևատարած արծիվները, որմնասյունազարդի ռիթմը, մույթերի սլացքը, բարձրադիր գմբեթը՝ ողջ զարդարանքի հետ, կառույցին հաղորդել են վերասլացություն: Տաճարի բարձրաքանդակներից մեկի վրա պահպանվել է Յոհան, հավանաբար` տաճարի ճարտարապետի  անունը:

воскресенье, 14 декабря 2014 г.

Երվանդաշատ

Ք.ա. 220 թվականին Երվանդ վերջին թագավորը Երասխաձոր գավառում Արաքս և Ախուրյան գետերի միախառնման վայրում հիմնեց Հայաստանի երրորդ մայրաքաղաք Երվանդաշատը:
Արաքս գետի աջ ափին բարձր քարափի վրա Երվանդ արքան կառուցեց Երվանդակերտ դաստակերտը, ուր ապրում էին արքան իր ընտանիքով և պալատականներով, արքունի պահակազորը և պալատի սպասավորները: Իսկ ձախ ափին կառուցեց բուն մայրաքաղաք Երվանդաշատը: Երվանդաշատին մոտիկ Արշարունյաց ձորում արքան հիմնեց ՙԾննդոց՚ - կոչվող անտառ, որը լցրեց բազմատեսակ գազաններով և թռչուններով: Բարձր պաիսպներով շրջապատեց անտառը, որպիսի գազանները չկարողանան փախչել: Երվանդաշատից հարավ Երասխաձորում արքան հիմնեց պտղատու այգիներ և մշակովի հողատարածքներ: Պարիսպների շուրջ բոլորը կառուցեց գեղեցիկ ծաղկանոցներ և բուրաստաններ:
Պատմահայր խորենացին Երվանդաշատը նկարագրելիս այն անվանել է դրախտիկ:
Սելևկյան Անտիոքս 3-րդ թագավորի զորավար արտաշեսը ապստամբեց Երվանդի դեմ գրավեց Երվանդաշատը և Կարթագենի զորավար Հանիբալի խորհրդով հիմնեց մի նոր մայրաքաղաք և այն իր անունով կոչեց Արտաշատ:
Երվանդի մահից հետո Երվանդաշատը գոյատևեց մինչև մ.թ. 4-րդ դարը: Մեր թվարկության 4-րդ դարում պարսից Շապուհ 2-րդի զորքերը հիմնահատակ կործանեցին Երվանդաշատ քաղաքը:

Մինչև այժմ էլ պահպանվել են Երվանդաշատի ավերակները: Վերջին շրջանում պարբերաբար կատարվում են պեղումներ: Պեղումների ընթացքում հայտնաբերված գտածոները խոսում են հին Երվանդաշատի երբեմնի հզոր փառքի մասին: Գտածոներից պարզ է դառնում, որ հին Երվանդաշատում եղել է զարգացած բրուտագործություն, զինագործություն, ճարտարապետություն, կաշեգործություն, գինեգործություն, իսկ ամենից կարևորն այն է, որ հայտաբերվում է նաև ոչ հայկական ՙՀունական՚ արտադրության բազմատեսակ առարկաներ, որոնք խոսում են Հայաստանի և հարևան երկրների առևտրական կապերի մասին: