1941 թ. հունիսի 22-ին Ֆաշիստական Գերմանիան հարձակվեց Խորհրդային Միության վրա: Հիտլերը նպատակ էր դրել կայծակնային պատերազմի միջոցով, մի քանի շաբաթվա ընթացքում ջախջախել Կարմիր բանակը, զավթել ԽՍՀՄ տարածքը, ոչնչացնել խորհրդային պետությունը, ստրկացնել նրա ժողովուրդներին և ստեղծել Գերմանական մեծ կայսրություն:
ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության, ժողկոմխորհի, ՀամԿ(բ)Կ կենտկոմի, Պաշտպանության պետական կոմիտեի և Գերագույն գլխավոր հրամանատարության զորակայանի որոշումները, հրահանգները, հրամանները, կոչերը և դրանց հիման վրա իրականացված միջոցառումները կարևոր նշանակություն ունեցան գերմանաֆաշիստական զավթիչների դեմ խորհրդային ժողովրդի պայքարը կազմակերպելու և ղեկավարելու գործում: Պատերազմի հենց առաջին օրերին Գերմանիայի ընտիր բանակները, որ հեշտ հաղթանակներ էին տարել Արևմտյան Եվրոպայում ու հասել ԽՍՀՄ սահմաններին, հանդիպեցին խորհրդային սահմանապահների, ցամաքային, օդային ու ծովային ուժերի հերոսական դիմադրությանը և հսկայական կորուստներ կրեցին: Այսպես, 1941 թ. հուլիսի 10-ի
դրությամբ, հակառակորդը խորհրդագերմանական ճակատում կորցրեց 77313 մարդ, 950 ինքնաթիռ, 7 ռազմանավ: Անհամեմատ մեծ էին խորհրդային զորքերի կորուստները: Պատերազմի առաջին երեք շաբաթվա ընթացքում միայն հյուսիս-արևմտյան, արևմտյան և հարավ-արևմտյան ռազմաճակատներում դրանք կազմել են ավելի քան 600000 մարդ, շուրջ 4000 մարտական ինքնաթիռ, ավելի քան 11700 տանկ, շուրջ 18800 հրանոթ ու ականանետ, 14 նավ, 11 սուզանավ և այլն: Չնայած այդ վիթխարի կուրուստներին՝ խորհրդային զորքերը 1941 թ. ամռանը և աշնանը հյուսիս-արևմտյան (Մերձբալթիկա, Լենինգրադ), կենտրոնական (Սմոլենսկ-Մոսկվա) և հարավ-արևմտյան (Կիև, Օդեսա, Ղրիմ, Դոնի Ռոստով) ուղղություններով մղում էին համառ, ծանր ու արյունահեղ պաշտպանական մարտեր, հակառակորդին պատճառում կենդանի ուժի ու տեխնիկայի զգալի կորուստներ, դանդաղեցնում նրա առաջխաղացումը, դրանով իսկ վիժեցնում մի քանի շաբաթում ԽՍՀՄ-ը գրավելու Հիտլերի արկածախնդիր պլանները:
Հայ ժողովուրդն արժանի ներդրում է ունեցել Հիտլերյան Գերմանիայի դեմ պայքարում: Ինչպես նշել է խորհրդային մարշալ Ժուկովը. «Հայ մարտիկները` զինվորից մինչև մարշալ, իրենց ծածկել են քաջարի ռազմիկների անթառամ փառքով»: Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 500 հազար հայ, որոնցից 300 հազարը եղել է Խորհրդային Հայաստանից, իսկ մնացած 200 հազարը` Խորհրդային Միության այլ հանրապետություններից: Սա իրոք պատկառելի թիվ է, եթե հաշվի առնենք, որ 1939թ. տվյալներով հայերի թիվը ողջ ԽՍՀՄ-ում մոտ 2 մլն էր, այսինքն` հայերի 25 տոկոսը մարտնչում էր: Բացի նրանցից` 100 հազար հայ էլ մարտնչում էր հակահիտլերյան կոալիցիայի երկրների զորքերի կազմում: 200 հազար հայ հերոսաբար ընկել է ռազմի դաշտում: Շուրջ 70 հազար հայ պարգևատրվել է մարտական շքանշաններով ու մեդալներով: Խորհրդային Միության հերոսի բարձր կոչմանն է արժանացել 103 հայ` գրավելով 6-րդ տեղը ռուսներից, ուկրաինացիներից, բելառուսներից, թաթարներից և հրեաներից հետո: Խորհրդային Միության կրկնակի հերոսի կոչման են արժանացել Հովհաննես Բաղրամյանը և Նելսոն Ստեփանյանը: 27 հայ զինվորական դարձել է փառքի շքանշանի լրիվ ասպետ, ինչը հավասարեցվում է Հերոսի կոչմանը: Հայ ժողովուրդը Հայրենական մեծ պատերազմին տվել է նաև 64 գեներալ, մեկ ավիացիայի մարշալ, մեկ ծովակալ: Պատերազմից հետո գեներալի կոչում է ստացել մարտական գործողությունների մասնակից ևս 83 հայ սպա: Գեներալների և ռազմաօ
դային ուժերի, զրահատանկային և հրետանային զորքերի սպաների քանակով հայերը 4-րդն են ռուսներից, ուկրաինացիներից և բելառուսներից հետո: Նշենք նրանցից մի քանիսի անունները` ավիացիայի մարշալ Արմենակ Խանփերյանց (կամ Սերգեյ Խուդյակով), բանակի գեներալ, հետագայում` մարշալ Հովհաննես Բաղրամյան, նավատորմի ծովակալ Հովհաննես Իսակով, բժշկական ծառայության գեներալ-գնդապետ Լևոն Օրբելի, տանկային զորքերի գեներալ-մայոր Համազասպ Բաբաջանյան, ինժեներատեխնիկական ծառայության գեներալ-մայոր Համո Յոլյան և շատ այլ փառապանծ անուններ:
Հիրավի, ճիշտ են հայտնի բանաստեղծության տողերը. «Մեր սուրը փառքով դրեցինք պատյան»…
Комментариев нет:
Отправить комментарий