Ալպիական մանուշակ
Արփենիկ Չարենցի
հիշատակին
Կաքավաբերդի գլխին
տարին բոլոր ամպ է նստում, բերդի ատամնաձև պարիսպները կորչում են սպիտակ ամպերի մեջ,
միայն սևին են անում բարձր բուրգերը: Հեռվից ավերակներ չեն երևում և այնպես է թվում,
թե բուրգերի գլխին հսկում կա, գոց են ապարանքի երկաթե դռները, աշտարակի գլխից մեկը
ահա ձայն է տալու քարափը բարձրացողին:
Իսկ երբ քամին
ցրում է ամպերը, ձորերում հալվում են ամպի ծվենները, պարսպի վրա երևում են մացառներ,
աշտարակի խոնարհված գլուխը և կիսով չափ հողի մեջ խրված պարիսպները: Ո՛չ մի երկաթյա
դուռ և ո՛չ մի պահակ աշտարակի գլխին:
Լռություն կա
Կաքավաբերդի ավերակներում: Միայն ձորի մեջ աղմկում է Բասուտա գետը, քերում է ափերը
և հղկում հունի կապույտ որձաքարը: Իր նեղ հունի մեջ գալարվում է Բասուտա գետը, ասես
նրա սպիտակ փրփուրի տակ ոռնում են հազար գամփռներ և կրծում քարե շղթաները:
Պարիսպների գլխին
բույն են դրել ցինը և անգղը: Հենց որ բերդի պարիսպների տակ ոտնաձայն Է լսվում, նրանք
կռնչյունով աղմկում են, թռչում են բներից և ահարկու պտույտներ անում բերդի կատարին:
Ապա բարձրանում Է քարե արծիվը, կտուցը կեռ թուր, մագիլները՝ սրածայր նիզակներ, փետուրները
որպես պողպատե զրահ:
Կաքավաբերդի բարձունքի
միակ ծաղիկը ալպիական մանուշակն է, ցողունը կաքավի ոտքի պես կարմիր, ծաղիկը ծիրանի
գույն: Քարի մոտ է բսնում ալպիական մանուշակը, պարիսպների տակ: Արևից քարերը տաքանում
են, և երբ ամպերը ծածկում են քար ու պարիսպ, մանուշակը թեքվում է, գլուխը հենում քարին:
Ծաղկափոշու մեջ թաթախված գունավոր բզեզին մանուշակը ճոճք է թվում, աշխարհը` ծիրանագույն
բուրաստան:
Ներքևը, ձորում,
Բասուտա գետի մյուս ափին, քարաժայռերի վրա, թառել են մի քանի տներ: Առավոտյան ծուխ
է ելնում երդիկներից, ծուխը ձգվում է կապույտ երիզի նման և հալվում ամպերի մեջ: Շոգ
կեսօրին գյուղում կանչում է աքլորը, աքլորի կանչի հետ պառավ մի շինական հորանջում է
տան ստվերում, ձեռնափայտով ավազի վրա նշաններ գծում, նշանների հետ փորփրում գլխով անցածը:
Ե՛վ գյուղում,
և՛ բերդի գլխին ժամանակը սահում է դանդաղ, տարիները նույն ծառի միանման տերևներն են:
Դրա համար էլ խառնվում է ծերունու հիշողությունը: Գետն աղմկում է առաջվա հանգով, նույն
քարերն են և նույն քարե արծիվը:
Քանի՜ սերունդ
է ապրել Բասուտա գետի մոտ, կարկատած թաղիքները փռել ցեխերի վրա, եղեգնով պատել վրանները,
և ամեն գարնան, երբ Կաքավաբերդի լանջին բացվել է ալպիական մանուշակը, այծ ու ոչխարը
քշել են բերդի լանջերը, պարկը պանրով լցրել ու ձմեռը կրծել կորեկ հաց և այծի պանիր:
***
Արև մի կեսօր
Կաքավաբերդի քարափով բարձրանում էին երեք ձիավոր: Ոչ միայն զգեստից, այլև ձի նստելուց
երևում էր, որ առաջին երկու ձիավորը քաղաքի մարդիկ են և չեն տեսել ո՛չ Կաքավաբերդը,
ո՛չ նրա քարափը:
Երրորդ ձիավորը
նրանց ուղեկցում էր, և մինչդեռ առաջինները պինդ բռնել էին ձիերի բաշից, համարյա թե
կռացել` հավասարակշիռ մնալու,— վերջին ձիավորը քթի տակ մռմռում էր մի երգ, մելամաղձոտ
ու հուսահատ, ինչպես ա֊մայի ձորը, տխուր քարափը և հեռավոր գյուղը:
Բերդի գլխին նստած
ամպը վարագույրի պես մեկ ետ էր քաշվում, երևում էին պարիսպները, մեկ ծածկում էր կա֊տարը:
Առաջին ձիավորը աչքը պարիսպներից չէր հեռացնում: Նրա գլխում բերդի պատմությունն էր,
մագաղաթյա մատյաններում գրած խոսքերը իշխանական օրերի մասին, երբ զրահապատ ձիերի սմբակները
դոփում էին երկաթյա մուտքի առաջ և ավերից դարձող նրա համհարզները ճոճում էին նիզակները:
Ակնոցի արանքից նրա ուսյալ աչքերը տեսնում էին զրահավորներին, մագաղաթյա մատենագրին`
եղեգնյա գրչով նրանց գովքը հորինելիս և նա լսում է հնօրյա ձիերի դոփյունը: Ինչ դժվար
էր նրա համար քարափը, որով քարայծի նման մագլցում էին երբեմնի տերերը:
Երբ հասան վրաններին,
առաջին ձիավորը շարունակեց ճանապարհը: Նա փնտրում էր հին ճանապարհը և չէր տեսնում վրանների
առաջ, մոխրի մեջ խաղացող կիսամերկ երեխաներին, այծերին, որոնք զարմանքից վեր ու վար
էին անում գլուխները:
Ֆետրե գլխարկով
երկրորդ ձիավորը Կաքավաբերդի գլխին հնություններ չէր որոնում: Նրա ամբողջ հարստությունը
ծոցի հաստ տետրն էր և սրածայր մատիտը: Հերիք էր աչքն ընկներ մի դեմքի, տեսներ գեղեցիկ
մի անկյուն, մամռապատ մի քար, որպեսզի թղթի վրա մատիտով նկարեր այն, ինչ տեսել էին
նրա աչքերը:
Առաջին ձիավորը
հնագետ էր, երկրորդը` նկարիչ:
Երբ նրանք հասան
վրաններին, շները հարձակվեցին ձիավորների վրա: Շների ձայնին մի քանի հոգի դուրս եկան
վրաններից, նայեցին նրանց կողմը: Մոխրի մեջ խաղացող երեխաները տեսան, թե ինչպես շները
հաչելով վազեցին ձիերի վրա: Երրորդ ձիավորն իզուր էր մտրակով փորձում շներին հեռացնել:
Շները հաչելով մինչև բերդի պարիսպները ուղեկից եղան ձիավորներին, հետո իրար հետ խաղալով
վերադարձան:
Կաքավաբերդի քարերն
ասես կենդանացել ու խոսում էին հնագետի հետ: Նա մոտենում էր այս ու այն քարին, կռանում,
նայում, չափում, ինչ-որ գրում, ոտքով փորում հողի փլվածքը, բաց անում հողի տակ թաղված
տաշած քարի ծայրը: Նա բարձրացավ պարսպի վրա, գլուխը դուրս հանեց բուրգի դիտարանից և
բարձր կանչեց, երբ բուրգի անկյունում, քարի վրա, տեսավ փորագիր խոսքեր:
Երրորդ ձիավորը,–
որ ձիերի սանձերն արձակել ու պարսպի մոտ նստած ծխում էր – հնագետի կանչից վեր թռավ:
Նրան թվաց, թե օձը խայթեց ակնոցավոր մարդուն:
Ֆետրե գլխարկով
մարդը նկարեց պարիսպների փլվածքը, սրածայր բուրգը և պատերի հետքերը: Բերդի մուտքը նկարելիս,
մատիտը մի պահ ձեռքին մնաց, որովհետև նրա ոտնաձայնից մի անգղ կռնչյունով թռավ բնից,
պտույտներ արեց բերդի գլխին: նրա ձայնին մյուսներն էլ հավաքվեցին:
Ձիերը, անգղների
կռնչոցից վախեցած, խլշեցին ականջները, իրար մոտեցան: Եվ երբ հնագետը բուրգի ծայրից
կանչեց, թե ինքը գտել է Բակուր իշխանի դամբանը, նկարիչը չհասկացավ նրա խոսքը: Աչքն
անգղների պտույտի հետ էին, նրանց թևերի հզոր շարժումի, կեռ ու արնագույն կտուցների
հետ: Ի՜նչ ահեղ թափ կար նրանց պտույտում: Մի պահ մատիտը ձեռքին մնաց և չնկատեց, թե
ինչպես գլխարկը սահեց և ընկավ քարի վրա:
Վրաններից մի
մարդ, մանգաղը գոտու մեջ խրած, գլուխը փաթաթած կեղտոտ թաշկինակով, մահակին հենվելով
բարձրացավ բերդի քարափով և մոտեցավ ձիերի մոտ նստած պահակին: Մարդը տեսավ ակնոցավորին
մի քար տեղահան անելիս: Եվ երբ պահակին հարցրեց, թե ովքե՞ր են եկվորները, ի՞նչ են փնտրում
բերդի ավերակներում, պահակը նախ հանկարծակիի եկավ և պատասխանեց, որ գրքերում գրած է,
թե Կաքավաբերդի գլխին կարասի մեջ թաղված են ոսկե գանձեր:
Հնձվորը միտք
արեց, ուսը քորեց և դարձավ դեպի ձորը` հնձելու կորեկի արտը: Ու գնում էր ինքն իրեն
խոսելով: Ի՜նչ կլիներ, եթե ինքը գտներ գանձը: Քանի անգամ է նա նստել հենց այն քարի
վրա, որ տեղահան արեց ակնոցավորը: Եթե իմանար, ապա գանձերը կլինեին նրա արխալուղի գրպանում:
Քանի՜ կով կառներ…
Միտք Էր անում
հնձվորը, երբ նկատեց, որ կորեկի արտի կողքին Է: Նա չուխան շպրտեց, չուխայի հետ Էլ ավելորդ
մտքերը, մանգաղով զարկեց մի կապ կորեկ ու կտրեց:
Բերդի քարերի
մոտ բուսել էր ալպիական մանուշակ, ծաղիկը` ծիրանի գույն: Հնագետը չէր տեսնում ո՛չ մանուշակ,
ո՛չ խոտ: Նրա կոշիկները կրնկակոխ էին անում խոտ ու ծաղիկ:
Աշխարհը նրա համար
ընդարձակ թանգարան էր, ուր չկար ոչինչ կենդանի և ոչ մի բզեզ: Նա պոկոտում էր քարերին
փաթաթված բաղեղը, փայտի ծայրով արմատախիլ անում քարի ճեղքում բուսած մանուշակը, ձեռքով
քարը շոյում և սրբում գրերի հողը:
Ֆետրե գլխարկով
մարդը երբ նկարեց այն ամենը, ինչ հարկավոր էր հնագետին, տետրի նոր էջի վրա նկարեց և
պարսպի մի մասը, ատամնաձև քարերի արանքում, քարե արծվի բույնը, պարսպի ոտների տակ`
ալպիական մանուշակներ:
***