вторник, 13 октября 2015 г.

Ավետիք Իսահակյանը

                                        Բանաստեղծություններ           

                                        «Ռավեննայում»
Արարատի ծեր կատարին
Դար է եկել, վայրկյանի պես,                       

Ու անցել:
Անհուն թվով կայծակների
Սուրն է բեկվել ադամանդին,
Ու անցել:
Մահախուճապ սերունդների
Աչքն է դիպել լույս գագաթին,
Ու անցել:

Հերթը հիմա քոնն է մի պահ.
Դու էլ նայիր սեգ ճակատին,
Ու անցիր...

                              Մի մրահոն աղջիկ տեսա

Մի մրահոն աղջիկ տեսա
Ռիալտոյի կամուրջին,
Հորդ մազերը — գետ գիշերվա,
Եվ հակինթներ՝ ականջին։

Աչքերը սև — արևներ սև,
Արևների պես անշեջ,
Գալարում էր մեջքը թեթև
Ծաղկանկար շալի մեջ:

Աչքս դիպավ աչքի բոցին,
Ու գլուխըս կախեցի.
Ժպտաց ժպտով առեղծվածի,
Հավերժական կանացի:

Միամիտ չեմ՝ հավատամ քեզ.
Տառապանքս փորձ ունի.-
Մի մրահոն կույս էր քեզ պես,
Կոտրեց սիրտս պատանի…

    

                                               Գետակի վրա

Գետակի վրա                  
Թեքվել ուռին.
Ու նայում է լուռ
Վազող ջրերին: –
…Երազ – աշխարհում
Ամեն բան հավետ
Գալիս է, գնում
Ու ցնդում անհետ:
Եվ գլուխը կախ`
Նա լաց է լինում.-
Ջրերը ուրախ`
Գալիս են, գնում…

                              Անապատում, միրաժի մեջ

Անապատում, միրաժի մեջ մի բեդվին
Շողքն է տեսել մի աղջըկա գեղեցիկ,
Եվ փնտրում է հոգեսըլա՛ց, տենչագին
Ծով – կարոտով ա՛յն աղջկան գեղեցիկ:
Եվ ծարավուտ անապատում հըրավառ,
Տատասկներում, արևի տակ բոցափայլ
Փնտրում է նա՛ նրան անվե՛րջ, անդադա՛ր
Եվ մեռնում է վեհ սիրո մեջ հոգեզմայլ;
Եվ քընի մեջ – աննյութական, անվախճան,
Տեսնում է նա այնպե˜ս քնքո՛ւշ ու սիրուն
Շողքը չըքնաղ այն նազելի աղջկան
Եվ փնտրում է նրան հավերժ երազում…



Ես ձեզ ասում եմ…

Ես ձեզ ասում եմ` կըգա Ոգու սով,
Եվ դուք կըքաղցեք ճոխ սեղանի մոտ,
Կընկնեք մուրալու հափրած որկորով`
Հըրեղեն խոսքի, վեհ խոսքի կարոտ:

Լրբենի ծաղրով արհամարհեցիք
Ոգու վառ զեղմունք — միտք ու երազանք,
Նյութի տաճարում արբած պարեցիք`
Մոռացած անմահ, անհունի տենչանք:

Դուք, որ հեգնեցիք ուժն ստեղծագործ`
Ձեր նյութի հանդեպ կըգա Ոգու սով.
Եվ մուրացկի պես փշրանքի համար
Ծարավ ու նոթի կանցնեք ծովե ծով…


                                         Երազիս մեջ

Երազիս մեջ ծովը տեսա,
Ծովը լազո՛ւր ու անդո՛րր,
Մենակ, մենակ, ափի վրա
Ընկած էի վիրավոր …
Ծովն էր հևում մեղմ ու թալուկ`
Մտորմունքի մեջ անծայր;
Եվ խոստում էր վերքըս խորունկ,
Իսկ ես` անհույս, ես` անչար:
Եվ հոգուս մեջ մի ձայն ծորեց,
Մի ձայն` քնքուշ, սուրբ սրտից. –



                                 Ես ծերացա

Ես ծերացա … մի՛ զարմանար,
Որ ես թեև դեռահաս,
Թեև դեմքըն իմ վշտահար
Նոր է գգվում աղվամազ:
Մի՛զարմանար … մտքով արդեն
Ես մեր կյանքը ապրեցի.
Ցնորքներում, որպես կյանքում,
Ես կռվեցի, սիրեցի:
Եվ ցնորքում ի˜նչ տագնապով
Ես կյանքն էի ընդգրկում.
Եվ գրկեցի. ի՞նչ – արյան ծով,
Լոկ գոյության մաքառում:

Комментариев нет:

Отправить комментарий