четверг, 10 марта 2016 г.

Եղիշե Չարենց

Գիշերն ամբողջ հիվանդ, խելագար,

Գիշերն ամբողջ հիվանդ, խելագար, 

Ես երազեցի արեւի մասին:
Շուրջս ո՛չ մի ձայն ու շշուկ չկար –
ունատ էր շուրջս՝ գիշեր ու լուսին:
Ես երազեցի արեւի ոսկին,
Տենչացի նրա հրաշքը խնդուն՝
Ուզեցի սիրել շշուկն իմաստուն՝
Արեւանման, արնավառ խոսքի, –
Բայց շուրջս այնպես գունատ էր, տկար –

Խոսքեր չկային, ու արեւ չկար …




Կյանքը

Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն:
Կյանքը – կրակ ճահիճներում՝ կա ու չկա, –
Կյանքը – ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:
Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն …



ԱՌԱՎՈՏ

Իմ անցած օրերի պես,
Հնացած օրերի պես,
Ես արդեն հեռացել եմ,
Հնացել եմ ես.
Ես արդեն հնացել եմ,
Ես արդեն հիմա ծե՜ր եմ,
Հեռացել ու անցել եմ –
Ծերացել եմ ես:
Բայց այս վառ օրերի մեջ,
Երբ հողմերն աղմկում են,
Աղմկում ու երգում է
Անցած սիրտը իմ.
Ես կարծես դեռ ջահել եմ,
Ինձ կարծես հմայել են,
Եվ իմ սիրտը պահել է
Կրակները հին: –
Ախ, գիտեմ, որ այդ դո՛ւ ես,
Որ այդպես հմայում ես,
Հմայում ու նայում ես
Օրերում այս հուր.
Դու անուշ կարկաչում ես,
Դու կանչող մի հնչյուն ես,
Կարկաչում ու կանչում ես,
Չգիտեմ, թե ո՞ւր:
Եվ հիմա ես լսում եմ,
Որ վերջին երազում իմ
Քո կարոտն սկսում է
Իմ հոգին հուզել –
Ես կարծես ծերացե՜լ եմ,
Ծերացել ու դարձե՜լ եմ
Ու նորի՜ց երազել եմ
Կարոտանք ու սեր…

Комментариев нет:

Отправить комментарий