Մեծ զարգացում ապրեց մետաղագործությունը՝ շարունակելով անցյալի հարուստ ավանդույթները:
Զարգացան դարբնությունը, պղնձագործությունը, ոսկերչությունը և զինագործությունը: Մետաղագործ վարպետները պատրաստում էին գյուղատնտեսական գործիքներ, պղնձե ամանեղեն, եկեղեցական սպասք, պերճանքի առարկաներ, զարդեր և սառը զենքեր: Վան և Երզնկա քաղաքները մեծ հռչակ էին ստացել հատկապես ոսկերչական բարձրարվեստ իրերի արտադրությամբ:
Բնակչության աճը և քաղաքներում նրա կենտրոնացումը զարկ տվեցին շինարարական արհեստներին: Մեծ հռչակ էին վայելում հայ ճարտարապետները, քարտաշները և որմնադիրները: Երկրում ամենուրեք կառուցապատվում էին քաղաքները, շինվում էին նոր բերդեր, կարավանատներ, աշխարհիկ ու եկեղեցական շենքեր և կամուրջներ: Եկեղեցիները և աշխարհիկ շինությունները զարդարվում էին նրբաճաշակ քանդակներով:
Զարգացավ հյուսնությունը: Պատրաստում էին գյուղատնտեսական գործիքներ, կենցաղային իրեր, շենքերի փայտյա մասեր և այլն: Զարգացած էր փայտի փորագրությունը:
Անասնապահության լայն զարգացումը խթանեց կաշեգործական արհեստների վերելքը: Մեծ տարածում ստացան կոշկակարությունը, գդակագործությունը և մագաղաթի մշակումը: Վերջինիս պահանջարկը հատկապես մեծ էր ձեռագիր մատյանների պատրաստման համար:
Մանածագործ վարպետները պատրաստում էին բրդե, բամբակե և մետաքսե գործվածքներ, որոնք մեծ պահանջարկ ունեին Արևելքի երկրներում: Մեծ էր պահանջարկը դրանց նկատմամբ նաև երկրի ներսում: Արաբ հեղինակ Մասուդիի խոսքերով՝ «հայկական գործվածքներն այնքան գեղեցիկ են, որ նրանց նմանը չկա ծայրից ծայր ամբողջ աշխարհում»:




