воскресенье, 10 мая 2015 г.

ԷՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԵՐԵՎՈՒՅԹ

Էությունը իրերի, առարկաների, գործընթացների ներքին կառուցվածքի, խորքային կապերի օրինաչափությունների որակական ամբողջականությունն է, իսկ Երևույթը այդ որակական ամբողջականության կոնկրետ հատկությունների և հատկանիշների արտաքին դրսևորումն է: Էության և երևույթի կատեգորիաներն արտահայտում են մարդու ճանաչողության զարգացումն ու խորացումը, երևույթի զգայական ընկալումից, մտածողության օգնությամբ, խորանալով իրերի ու գործընթացների էության մեջ: Օրվա ընթացքում մեր զգայարանների միջոցով մենք բախվում ենք հազարավոր երևույթների, հիանում ենք շրջակա միջավայրի բազմերանգությամբ, որոնք բոլորն էլ կոնկրետ Էությունների դրսևորում են կոնկրետ պայմաններում: Յուրաքանչյուր երևույթ օժտված է բազմաթիվ մանրամասնություններով, ինքնատիպ հատկություններով, որոնք էության տարբեր որակների ու կողմերի դրսևորումներ են, չնայած էության տեսակետից նրանք կարող է և պատահական ու անցողիկ լինեն: Հետևապես երևույթը, լինելով էության դրսևորում, հարուստ է տվյալ արտացոլմանը հատուկ և տվյալ պայմաններով որոշվող մանրամասնություններով: Իսկ էությունը հարուստ է իր ներքին բովանդակությամբ, որը կարող է առկա լինել ոչ միայն տվյալ երևույթի մեջ, այլև տվյալ էությանը հատուկ ու բնորոշ այլ երևույթներում: Տարբեր երևույթների մեջ էությունը կարող է տարբեր արտահայտչականությամբ դրսևորվել: Դա հիմնականում պայմանավորված է երևույթի զարգացման աստիճանով: Զարգացման բարձր փուլ ներկայացնող երևույթներում էությունը առավել բազմակողմանիորեն է դրսևորվում: Բայց երևույթի և էության համընկնումը միանշանակ ընթացող ու զարգացող գործընթաց չէ: Հաճախ երևույթը ոչ միայն սքողում, աղավաղում է էությունը, այլև սխալ լրատվություն է տալիս նրա մասին: Դրանով է պայմանավորված գիտական հտազոտությունների ու հայտնագործությունների դժվարին ուղին:

Օրինակ, 19-րդ դարում ֆիզիկոսները լույսի ճառագայթը պատկերացնում էին մասնիկների հոսքի ձևով, իսկ դարավերջին բացահայտվեց նաև նրա ալիքային հատկությունը: Այդ գործընթացում իհարկե, մասնիկային հատկությունը չդադարեց էական լինելուց: Այն էական է առաջին մոտեցմամբ` որպես պակաս խոր կարգի էություն և իր բացատրությունը ստանում է լույսի ճառագայթի հատկության միջոցով: Հետևապես էության և երևույթի միջև սկզբունքային տարբերություն ու սահման գոյություն չունի: Երևույթը բուն էության դրսևորումն է, այսինքն էությունը ներթափանցվում է երևույ-թի մեջ և կոնկրետ հատկությունների ու հատկանիշների ձևով մատչելի, հասանելի է դառնում մարդկային իմացությանը: Այս գործընթացում իհարկե, նախնական ծանոթությունը տեղի է ունենում երևույթի հետ, իսկ հետո վերացարկման զորությամբ պարզաբանվում է էությունը: Բայց չպետք է մոռանալ, որ ցանկացած երևույթում առկա է էության այս կամ այն որակական համամասնությունը: Այս ճշմարտությանը մասամբ հասու էին դեռևս հին հունական փիլիսոփաները, որոնք էության տակ հասկանում էին կոնկրետ իրերն ու երևույթները, և ընդհանուր հասկացությունները: Արիստոտելը ֆիզիկական իրերն ու առարկաներն անվանում էր առաջին գոյացություններ, իսկ այդ իրերի մասին հասկացությունները` երկրորդ գոյացություն: Բայց Պլատոնը, հարազատ մնալով իդեալիստական համոզմունքներին, պնդում էր, որ ռեալ գոյություն ունեն ընդհանուր հասկացությունները, գաղափարը, իսկ     իրերն ու առարկաները այդ գաղափարների ստվերներն են: Երևույթի և էության ըմբռնման խնդրի շուրջը լուրջ պայքար ծավալվեց միջնադարում, որը դրսևորվեց նոմինալիզմի և ռեալիզմի փիլիսոփայական հոսանքների ձևով: Ըստ  նոմինալիզմի ռեալ գոյեր են առանձին իրերը, առարկաները, իսկ ընդհանուրը, հասկացությունը իրականության մեջ գոյություն չունի, այն գոյություն ունի միայն մեր մտքում որպես անուն:

Նոմինալիզմից գրեթե չէր տարբերվում նաև միջնադարյան կոնցեպտուալիզմը, որը ժխտելով ընդհանուրի ռեալ գոյությունը իրականության մեջ, հիմնավորում էր, որ այն գոյություն ունի մտքի մեջ: Իսկ կրոնական փիլիսոփայության տեսական հոսանքներից մեկը` միջնադարյան ռեալիզմը` հիմնավորելով ընդհանուրի  օբյեկտիվ գոյությունը, միակ ռեալ գոյ էր ընդունում ընդհանուր հասկացությունները (ունիվերսալիաները), որոնք, նրանց կարծիքով, նախորդում են եզակի իրերի գոյությանը: Այս տեսանկյունից որոշակի ծայրահեղության է հանգում նաև սուբյեկտիվ իդեալիզմը: Բերկլին պնդում էր, որ ընդհանուր և վերացական հասկացությունները իմաստ չունեցող, մտքի արգասիք են, որովհետև զգայաբար ընկալելի է կոնկրետ առարկան, կոնկրետ անձը, կոնկրետ օբյեկտը, իսկ ասենք պտուղ հասկացությունը մտքի պատրանք է: Բերկլիի կարծիքով երևույթների էությունը նրանց զգայական գոյությունն է: Իսկ Հյումը ընդհանրապես մերժում էր երևույթի ռեալ գոյություն ունենալու և մարդու զգայարանների ծնունդ հանդիսանալու ճշգրտման հնարավորությունը: Նրա կարծիքով երևույթների էության հարցն անլուծելի է, որովհետև մարդկային մտածողությունը երևույթից այն կողմ խորանալ չի կարող: Երևույթի և էության ճանաչողության հարցում Կանտը ևս հանգում էր նման տեսակետի: Նրա համոզմամբ զգայական ճանաչողությանը հասու են սոսկ երևույթները, իսկ էությունը գոյություն ունի մեր զգայություններից դուրս, որն անիմանալի ու անճանաչելի է: Հանդես գալով երևույթի և էության ըմբռնման ավանդական հակադրման դեմ Հեգելը հիմնավորեց, որ բնությունը և երևույթ է, և էություն: Երևույթը և էությունը, ըստ Հեգելի, միասնություն են կազմում, որովհետև բնությունը բացարձակ գաղափարի նյութական մարմնավորումն է, որն իր մեջ պոտենցիալ ձևով պարունակում է երևույթների բազմազանության մեջ դրսևորվող էությունը: Ըստ Հեգելի էությունը իրականություն է դառնում երևույթների մեջ: Էությունը, որպես մատերիայի շարժման ու զարգացման գործընթացի ներքին կողմ, ընդգրկում է երևույթների ընդերքի օրինաչափ կապերը: Հետևապես էության ճանաչումը տանում է դեպի երևույթների ներքին կառուցվածքի օրինաչափ կապակցությունների ճանաչում: Այս տեսակետից երևույթի և էության կատեգորիաները ընդարձակում են ձևի և բովանդակության կատեգորիաների իմացության շրջանակները, որովհետև էությունը կարելի է դիտել որպես երևույթի ներքին բովանդակություն, իսկ երևույթը` էության դրսևորման ձև:


Գեղագիտություն

Գեղեցիկը, կատեգորիա, որը բնութագրում է իրականության մեջ և արվեստում դրսևորվող գեղագիտական բարձրագույն արժեքը։ Գեղեցիկի պրոբլեմի տարբեր մեկնաբանումները միշտ եղել են գաղափարա-փիլիսոփայական և բուն գեղագիտական շահերի, նախասիրությունների բախման առարկա։ Բացահայտելով գեղեցիկի բնույթն ու աղբյուրները՝ իդեալիստական գեղագիտությունը դիմում է կամ վերացական ոգուն, գաղափարին, կամ, տարբեր վերափոխումներով, այն վերագրում է զուտ անհատի գիտակցությանը։ Նախամարքսյան մատերիալիստները մեծ մասամբ գեղեցիկը բացատրել են բնական օրինաչափություններով՝ ևամաչափությամբ, ռիթմով ևն, ձգտել են ապացուցել գեղեցիկի օբյեկտիվությունը՝ այն համարելով նյութական աշխարհի հատկություն։ Տայ գեղագիտական մտքի պատմության մեջ գեղեցիկի մեկնաբանումներում գերիշխել են մատերիալիստական միտումները։ Բնորոշ է գեղեցիկի՝ բարու և մարդկային հոգևոր այլ արժեքների հետ կապի ընդգծումը։ ժամանակակից մարքսիստական գեղագի– տությունը Գ․ բնորոշում է որպես պատմական պրակտիկայով պայմանավորված իրերի և ևրեույթների յուրահատուկ արժեք, որը բացահայտվում և կոնկրետաց– վում է սուբյեկտի գաղափարա-Էմոցիոնալ գնահատականի մեջ։

Ի՞նչ է փիլիսոփայությունը


Փիլիսոփայություն բառն ունի հունական ծագում։ Այն առաջացել է հունարեն «սիրել» և «իմաստություն» բառերից։ Այսինքն՝ փիլիսոփայություն թարգմանաբար նշանակում է «իմաստության հանդեպ սեր»։ Հայ մատենագրության մեջ «փիլիսոփայություն» եզրույթին զուգահեռ գործածվել է նաև «իմաստասիրություն» բառը։
Փիլիսոփայությունը սկիզբ է առել մ.թ.ա. 7-րդ դարում։ Դա կարելի էր համարել աշխարհը ռացիոնալ կերպով իմաստավորելու փորձ, որը գալիս էր փոխարինելու աշխարհի մասին նախկին դիցաբանական պատկերացումներին։ Փիլիսոփայություն բառն առաջին անգամ գործածել է Պյութագորասը, ով գտնում էր, որ իմաստությունը միայն աստվածներին է բնորոշ, իսկ մարդը կարող է միայն ձգտել իմաստության և սիրել այն։
Փիլիսոփայությունն ուսմունք է իմացության և կեցության հիմնական սկզբունքների մասին։ Այն ձգտում է պարզաբանել ամբողջ կեցության ընդհանուր կապը և միավորել մարդկային գիտելիքի բոլոր ոլորտները։ Փիլիսոփայությունը կարելի է համարել որոշակի աշխարհայացք և աշխարհըմբռնում, որն ունի նաև մեթոդաբանական գործառնություններ։
Սկզբնական շրջանում փիլիսոփայության ոլորտն ընդգրկում էր ուսմունքներ տիեզերքի առաջացման և կառուցվածքի մասին /կոսմոգոնիա, կոսմոլոգիա/, աստվածների մասին /թեոգոնիա/։ Այնուհետև փիլիսոփայությունը սկսեց ներառել ուսմունքներ կեցության հիմնական հասկացությունների մասին /գոյաբանություն/, ճանաչողության ակունքների և սահմանների մասին /իմացաբանություն/, մտածողության ձևերի և մեթոդների մասին /տրամաբանություն/, մարդկային հոգու մասին /հոգեբանություն/, բարոյականության էության /էթիկա/ և գեղեցիկի մասին /էսթետիկա/։

Մխիթար Գոշը


Մխիթար Գոշը միջնադարյան հումանիզմի խոշոր ներկայացուցիչներից է, գիտնական, օրենսգիր, դավանաբան,
մատենագիր, առակագիր: Գոշի «Գիրք Դատաստանի» երկը իրավունքի բացառիկ հուշարձան է հայ
իրականության մեջ, իսկ առակների ժողովածուն՝ առաջին արձակ
գեղարվեստական ստեղծագործությունը հայ գրականության մեջ:
Մխիթար Գոշը սովորել է ծննդավայրում: Չափահաս դառնալով՝ ձեռնադրվել է կուսակրոն քահանա: Աշակերտել է Հովհաննես Տավուշեցուն և ժամանակի առաջադեմ այլ գիտնականների: Ստացել է վարդապետի կոչում: Այնուհետև մեկնել է Կիլիկյան Հայաստան, աշակերտել Սև լեռան վանքերի համբավավոր վարդապետներին, վերստին արժանացել վարդապետի կոչման: Վերադառնալով Հայաստան՝ հիմնել է մի շարք դպրոցներ, ի վերջո հաստատվել է Գետիկ վանքում: Որոշ ժամանակ անց վանքը և շրջակա գյուղերը երկրաշարժից ավերվել են:
1191 թ-ին Գոշը, Զաքարյան իշխանների օժանդակությամբ, Գետիկից ոչ հեռու կառուցել է Նոր Գետիկ վանքը և մինչև կյանքի վերջը գործել այնտեղ: Նրա իմաստնության համբավն այնքան է տարածվել, որ շատերը (նույնիսկ վարդապետներ) անգամ հեռավոր վայրերից եկել են նրան աշակերտելու: