воскресенье, 10 мая 2015 г.

Մխիթար Գոշը


Մխիթար Գոշը միջնադարյան հումանիզմի խոշոր ներկայացուցիչներից է, գիտնական, օրենսգիր, դավանաբան,
մատենագիր, առակագիր: Գոշի «Գիրք Դատաստանի» երկը իրավունքի բացառիկ հուշարձան է հայ
իրականության մեջ, իսկ առակների ժողովածուն՝ առաջին արձակ
գեղարվեստական ստեղծագործությունը հայ գրականության մեջ:
Մխիթար Գոշը սովորել է ծննդավայրում: Չափահաս դառնալով՝ ձեռնադրվել է կուսակրոն քահանա: Աշակերտել է Հովհաննես Տավուշեցուն և ժամանակի առաջադեմ այլ գիտնականների: Ստացել է վարդապետի կոչում: Այնուհետև մեկնել է Կիլիկյան Հայաստան, աշակերտել Սև լեռան վանքերի համբավավոր վարդապետներին, վերստին արժանացել վարդապետի կոչման: Վերադառնալով Հայաստան՝ հիմնել է մի շարք դպրոցներ, ի վերջո հաստատվել է Գետիկ վանքում: Որոշ ժամանակ անց վանքը և շրջակա գյուղերը երկրաշարժից ավերվել են:
1191 թ-ին Գոշը, Զաքարյան իշխանների օժանդակությամբ, Գետիկից ոչ հեռու կառուցել է Նոր Գետիկ վանքը և մինչև կյանքի վերջը գործել այնտեղ: Նրա իմաստնության համբավն այնքան է տարածվել, որ շատերը (նույնիսկ վարդապետներ) անգամ հեռավոր վայրերից եկել են նրան աշակերտելու:



Մխիթար Գոշը մեծ հեղինակություն է վայելել քաղաքական և պետական գործիչների շրջանում, մասնակցել է 1205 թ-ի Լոռեի և 1207 թ-ի Անիի եկեղեցական ժողովներին, եղել է Զաքարե Բ Մեծի խոստովանահայրն ու խորհրդատուն:
Ժամանակակիցներն ու հետագա սերունդները նրան մեծարել են Այր իմաստուն և հեզ, Մեծ վարդապետ, Աշխարհալույս և այլ պատվանուններով:
Մխիթար Գոշի գրչին են պատկանում մատենագրության տարբեր ճյուղերի վերաբերող մեկ տասնյակից ավելի աշխատություններ՝ «Գիրք Դատաստանի», «Երեմիայի մարգարեության համառոտ մեկնությունը», «Խրատական նամակներ», «Աղվանքի հայրապետների ցանկը» և այլն:
 Գոշի ԴատաստանագիրքըԳիրք Դատաստանի», 1184 թ.) հայ իրավաբանական մտքի մեծագույն նվաճումներից է: Գրել է հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի ոգին բարձրացնելու, հայոց պետականության վերստեղծման, ապագա թագավորության պետական և իրավական հիմունքները սահմանելու, Հայ եկեղեցու դիրքերն ամրապնդելու, օտարների դեմ պայքարում ազգային ինքնությունը պահպանելու նպատակով: Դատաստանագիրքը բաղկացած է նախադրությունից և բուն դատաստանագրքից (251 հոդված): Գոշը ձգտել է ստեղծել ազգային օրենսգիրք, բավարարել հայ հասարակության բոլոր խավերի իրավական պահանջմունքները, կանոնակարգել նրանց իրավահարաբերությունները, պաշտպանել համազգային շահերը, ժողովրդի ինքնությունն ու քաղաքական պայքարը:
Ըստ Գոշի՝ պետությունն ու եկեղեցին այն 2 հիմնասյուներն են, որոնք պահում են հասարակության ամբողջ շենքը՝ որպես քաղաքական իրողություն: Օրենսգիրը ռազմաքաղաքական ուժեղ ու կենսունակ պետության գրավականը համարել է կենտրոնացված ու հզոր թագավորական իշխանությունը: Նման թագավորական իշխանություն ստեղծելու համար առավել կարևորել է Հայ եկեղեցու դերը:
Դատաստանագրքում մեղքն ընկալվում է 2 իմաստով՝ կրոնական և իրավական. ըստ այդմ էլ Գոշը նախատեսում է պատժի 2 տեսակ՝ հոգևոր-եկեղեցական (բանադրանք, նզովք, ապաշխարություն, աստիճանազրկում, պաշտոնազրկում) և մարմնական-նյութական (մահապատիժ, մարմնական պատիժներ, ազատազրկում, գույքային-դրամական տույժեր): Ընդ որում, պատիժը պետք է ունենա ոչ թե տանջելու, վրեժ լուծելու, այլ խրատելու, ուղղելու, դաստիարակելու նպատակ:
Արդարամտության գաղափարը Գոշն ամրապնդել է օրենքով և բոլոր խավերի համար սահմանել հավասար պատիժ: Հստակորեն սահմանազատել է թագավորի, եկեղեցու, իշխանների և ժողովրդի իրավունքներն ու պարտականությունները: Նա պաշտպանել է կնոջ շահերը, հատուցում նախատեսել այն ամուսինների համար, ովքեր ստորացնում, ծեծում են իրենց կանանց:
Դարեր շարունակ «Գիրք Դատաստանի»-ն կիրառվել է ինչպես բուն Հայաստանում, այնպես էլ Կիլիկյան Հայաստանում, հայ գաղթավայրերում՝ Լեհաստանում, Ռուսաստանում (Ղրիմ, Աստրախան), Վրաստանում, Հնդկաստանում, Սուդանում: Պահպանվել են Դատաստանագրքի բազմաթիվ ձեռագրեր, որոնցից 40-ը, այդ թվում՝ հնագույնը (ձեռագիր դ 488), պահվում են Մատենադարանում: Առաջին անգամ հրատարակվել է 1880 թ-ին: Թարգմանվել և հրատարակվել է լատիներեն, լեհերեն, հայատառ ղփչաղերեն, վրացերեն, ռուսերեն:
Բացառիկ արժեքավոր է նաև Մխիթար Գոշի առակների ժողովածուն, որով XII դարի հայ գրականություն է մուտք գործել առակը՝ որպես ժողովրդական բանարվեստի տեսակ: Ժողովածուն բաղկացած է 190 առակից, որոնք զետեղված են 3 գլխավոր բաժիններում՝ «Առակք բարոյականք», «Առակք առասպելականք» և «Առակք ստեղծականք»: Առակներում հիմնականում արծարծվել են հասարակական ու կենցաղային խնդիրներ, դասերի ու խավերի, անհատների փոխհարաբերություններ: Գոշը ժողովածուն կազմել է ուսուցողական նպատակով. դրվատել է առաքինությունը, ծաղրել թերությունները, հիմարությունն ու տգիտությունը, խարազանել է չարիքը, մերժել պատերազմները, արդարացրել միայն հայրենապաշտպան կռիվը:
Գոշի առակներն առաջին անգամ հրատարակվել են 1790 թ-ին, Վենետիկում: Թարգմանվել են ֆրանսերեն և ռուսերեն:
Միջնադարում Գոշի մասին հյուսվել են բազմաթիվ պատմություններ, որտեղ նա սրբացվել է:
1993 թ-ին սահմանվել է ՀՀ Մխիթար Գոշի մեդալ:
Մխիթար Գոշի արձանը կանգնեցվել է Մատենադարանի առջև, Երևանում նրա անունով կոչվել է համալսարան, Տավուշի մարզում՝ վանք և գյուղ:
Տես նաև Առակ, Գոշավանք:
«Օրենքները մարդու համար են, ոչ թե մարդը՝ օրենքների համար»:     
Մխիթար Գոշ
   «Թեև Մխիթար Գոշի առակներում պատմական անձերի անուններ չեն հիշվում, բայց նրանցից շատերը երբեմն ավելի շատ բան են տալիս Հայաստանի պատմությունը ճիշտ հասկանալու համար, քան իրար կրկնող միջնադարյան ժամանակագիրների տասնյակ էջերը»:
Հովսեփ Օրբելի,
արևելագետ
   «Իր առաջադիմական հայացքներով Մխիթար Գոշը վեր է կանգնած ժամանակակիցներից և կանխել է անգամ հետագա դարերի ականավոր շատ մտածողների»:
Էմանուել Պիվազյան,
գրականագետ

Комментариев нет:

Отправить комментарий