Էությունը իրերի, առարկաների, գործընթացների ներքին կառուցվածքի, խորքային կապերի օրինաչափությունների որակական ամբողջականությունն է, իսկ Երևույթը այդ որակական ամբողջականության կոնկրետ հատկությունների և հատկանիշների արտաքին դրսևորումն է: Էության և երևույթի կատեգորիաներն արտահայտում են մարդու ճանաչողության զարգացումն ու խորացումը, երևույթի զգայական ընկալումից, մտածողության օգնությամբ, խորանալով իրերի ու գործընթացների էության մեջ: Օրվա ընթացքում մեր զգայարանների միջոցով մենք բախվում ենք հազարավոր երևույթների, հիանում ենք շրջակա միջավայրի բազմերանգությամբ, որոնք բոլորն էլ կոնկրետ Էությունների դրսևորում են կոնկրետ պայմաններում: Յուրաքանչյուր երևույթ օժտված է բազմաթիվ մանրամասնություններով, ինքնատիպ հատկություններով, որոնք էության տարբեր որակների ու կողմերի դրսևորումներ են, չնայած էության տեսակետից նրանք կարող է և պատահական ու անցողիկ լինեն: Հետևապես երևույթը, լինելով էության դրսևորում, հարուստ է տվյալ արտացոլմանը հատուկ և տվյալ պայմաններով որոշվող մանրամասնություններով: Իսկ էությունը հարուստ է իր ներքին բովանդակությամբ, որը կարող է առկա լինել ոչ միայն տվյալ երևույթի մեջ, այլև տվյալ էությանը հատուկ ու բնորոշ այլ երևույթներում: Տարբեր երևույթների մեջ էությունը կարող է տարբեր արտահայտչականությամբ դրսևորվել: Դա հիմնականում պայմանավորված է երևույթի զարգացման աստիճանով: Զարգացման բարձր փուլ ներկայացնող երևույթներում էությունը առավել բազմակողմանիորեն է դրսևորվում: Բայց երևույթի և էության համընկնումը միանշանակ ընթացող ու զարգացող գործընթաց չէ: Հաճախ երևույթը ոչ միայն սքողում, աղավաղում է էությունը, այլև սխալ լրատվություն է տալիս նրա մասին: Դրանով է պայմանավորված գիտական հտազոտությունների ու հայտնագործությունների դժվարին ուղին:
Օրինակ, 19-րդ դարում ֆիզիկոսները լույսի ճառագայթը պատկերացնում էին մասնիկների հոսքի ձևով, իսկ դարավերջին բացահայտվեց նաև նրա ալիքային հատկությունը: Այդ գործընթացում իհարկե, մասնիկային հատկությունը չդադարեց էական լինելուց: Այն էական է առաջին մոտեցմամբ` որպես պակաս խոր կարգի էություն և իր բացատրությունը ստանում է լույսի ճառագայթի հատկության միջոցով: Հետևապես էության և երևույթի միջև սկզբունքային տարբերություն ու սահման գոյություն չունի: Երևույթը բուն էության դրսևորումն է, այսինքն էությունը ներթափանցվում է երևույ-թի մեջ և կոնկրետ հատկությունների ու հատկանիշների ձևով մատչելի, հասանելի է դառնում մարդկային իմացությանը: Այս գործընթացում իհարկե, նախնական ծանոթությունը տեղի է ունենում երևույթի հետ, իսկ հետո վերացարկման զորությամբ պարզաբանվում է էությունը: Բայց չպետք է մոռանալ, որ ցանկացած երևույթում առկա է էության այս կամ այն որակական համամասնությունը: Այս ճշմարտությանը մասամբ հասու էին դեռևս հին հունական փիլիսոփաները, որոնք էության տակ հասկանում էին կոնկրետ իրերն ու երևույթները, և ընդհանուր հասկացությունները: Արիստոտելը ֆիզիկական իրերն ու առարկաներն անվանում էր առաջին գոյացություններ, իսկ այդ իրերի մասին հասկացությունները` երկրորդ գոյացություն: Բայց Պլատոնը, հարազատ մնալով իդեալիստական համոզմունքներին, պնդում էր, որ ռեալ գոյություն ունեն ընդհանուր հասկացությունները, գաղափարը, իսկ իրերն ու առարկաները այդ գաղափարների ստվերներն են: Երևույթի և էության ըմբռնման խնդրի շուրջը լուրջ պայքար ծավալվեց միջնադարում, որը դրսևորվեց նոմինալիզմի և ռեալիզմի փիլիսոփայական հոսանքների ձևով: Ըստ նոմինալիզմի ռեալ գոյեր են առանձին իրերը, առարկաները, իսկ ընդհանուրը, հասկացությունը իրականության մեջ գոյություն չունի, այն գոյություն ունի միայն մեր մտքում որպես անուն:
Նոմինալիզմից գրեթե չէր տարբերվում նաև միջնադարյան կոնցեպտուալիզմը, որը ժխտելով ընդհանուրի ռեալ գոյությունը իրականության մեջ, հիմնավորում էր, որ այն գոյություն ունի մտքի մեջ: Իսկ կրոնական փիլիսոփայության տեսական հոսանքներից մեկը` միջնադարյան ռեալիզմը` հիմնավորելով ընդհանուրի օբյեկտիվ գոյությունը, միակ ռեալ գոյ էր ընդունում ընդհանուր հասկացությունները (ունիվերսալիաները), որոնք, նրանց կարծիքով, նախորդում են եզակի իրերի գոյությանը: Այս տեսանկյունից որոշակի ծայրահեղության է հանգում նաև սուբյեկտիվ իդեալիզմը: Բերկլին պնդում էր, որ ընդհանուր և վերացական հասկացությունները իմաստ չունեցող, մտքի արգասիք են, որովհետև զգայաբար ընկալելի է կոնկրետ առարկան, կոնկրետ անձը, կոնկրետ օբյեկտը, իսկ ասենք պտուղ հասկացությունը մտքի պատրանք է: Բերկլիի կարծիքով երևույթների էությունը նրանց զգայական գոյությունն է: Իսկ Հյումը ընդհանրապես մերժում էր երևույթի ռեալ գոյություն ունենալու և մարդու զգայարանների ծնունդ հանդիսանալու ճշգրտման հնարավորությունը: Նրա կարծիքով երևույթների էության հարցն անլուծելի է, որովհետև մարդկային մտածողությունը երևույթից այն կողմ խորանալ չի կարող: Երևույթի և էության ճանաչողության հարցում Կանտը ևս հանգում էր նման տեսակետի: Նրա համոզմամբ զգայական ճանաչողությանը հասու են սոսկ երևույթները, իսկ էությունը գոյություն ունի մեր զգայություններից դուրս, որն անիմանալի ու անճանաչելի է: Հանդես գալով երևույթի և էության ըմբռնման ավանդական հակադրման դեմ Հեգելը հիմնավորեց, որ բնությունը և երևույթ է, և էություն: Երևույթը և էությունը, ըստ Հեգելի, միասնություն են կազմում, որովհետև բնությունը բացարձակ գաղափարի նյութական մարմնավորումն է, որն իր մեջ պոտենցիալ ձևով պարունակում է երևույթների բազմազանության մեջ դրսևորվող էությունը: Ըստ Հեգելի էությունը իրականություն է դառնում երևույթների մեջ: Էությունը, որպես մատերիայի շարժման ու զարգացման գործընթացի ներքին կողմ, ընդգրկում է երևույթների ընդերքի օրինաչափ կապերը: Հետևապես էության ճանաչումը տանում է դեպի երևույթների ներքին կառուցվածքի օրինաչափ կապակցությունների ճանաչում: Այս տեսակետից երևույթի և էության կատեգորիաները ընդարձակում են ձևի և բովանդակության կատեգորիաների իմացության շրջանակները, որովհետև էությունը կարելի է դիտել որպես երևույթի ներքին բովանդակություն, իսկ երևույթը` էության դրսևորման ձև:
Комментариев нет:
Отправить комментарий