четверг, 28 мая 2015 г.

Դավիթ Անհաղթ

Դավիթ Անհաղթ  V–VI դարերի հայ փիլիսոփա, նեոպլատոնականության հետևորդ։ Հին հայկական փիլիսոփայության աշխարհիկ ուղղության հիմնադիր, հունաբան դպրոցի գլխավոր գործիչներից։
Ըստ հին հայկական աղբյուրների նա ծնվել է Տարոնի գավառի Ներգին գյուղում։ Այդ պատճառով էլ նա ձեռագրերում հաճախ հիշատակվում է, որպես Դավիթ Ներգինցի։ Սեն Արևշատյան «Դավիթ Անհաղթը՝ հին Հայաստանի ականավոր փիլիսոփա», «Հայաստան» հրատ. Երևան, 1980,. Ըստ հետազոտությունների, Դավիթ Անհաղթը ծնվել է 5-րդ դարի 70-ական թվականներին, և մահացել է 6-րդ դարի կեսերին։ Երիտասարդ տարիներին Դավիթ Անհաղթը մեկնում է Հունաստան՝ ուսման։ Ստույգ ճշտված է, որ Անհաղթը Հունաստանում աշակերտում է Օլիպիոդորոս Կրտսերին, որը 5-րդ դարի վերջերին և 6-րդ դարի սկզբներին ղեկավարում էր Ալեքսանդրիայի փիլիսոփայական դպրոցը։ Վերադառնալով Հայաստան՝ ծավալել է գիտական և մանկավարժական գործունեություն։ Մեծ հռչակ է վայելել նաև հունական աշխարհում։ «Անհաղթ փիլիսոփայի» փառքը նա ձեռք է բերում իր գիտելիքների և ամենից առաջ բանավիճական ձիրքերի համար։ Արևմտյան գրականության մեջ Դավիթ Անհաղթը հայտնի է նաև «Դավիթ Արմենիոս»՝ Դավիթ Հայ, անունով։


Դավիթ Անհաղթը կրթությունն ստացել է Ալեքսանդրիա քաղաքում: Վերադառնալով Հայաստան՝ ծավալել է գիտական և մանկավարժական գործունեություն: Աթենքում և Կոստանդնուպոլսում մասնակցել է փիլիսոփայական հրապարակային բանավեճերի, իր գիտելիքներով և ապացուցելու արվեստով հաղթել բոլորին, որի համար ստացել է Անհաղթ պատվանունը:
Դավիթ Անհաղթի աշխատություններից մեզ են հասել «Սահմանք իմաստասիրության», «Վերլուծություն Ներածությանն Պորփյուրի», «Մեկնություն Ստորոգությանցն Արիստոտելի» և «Մեկնություն ի Վերլուծականն Արիստոտելի» երկերը: Նա փիլիսոփայությունը բաժանել է 2 մասի՝ տեսական և գործնական: Տեսական փիլիսոփայության ենթաբաժիններն են բնագիտությունը կամ ֆիզիկան, մաթեմատիկան և աստվածաբանությունը կամ մետաֆիզիկան, գործնական փիլիսոփայությանը՝ բարոյագիտությունը, տնտեսագիտությունը և քաղաքագիտությունը:
Ըստ Դավիթ Անհաղթի՝ փիլիսոփայությունը մարդուն տրված աստվածային պարգև է, որը կոչված է լուսավորելու, ազնվացնելու ու գեղեցկացնելու մարդկային հոգին և այն փոխադրելու նյութական աշխարհից դեպի աստվածայինը: Աշխարհի ճանաչման գործընթացն ունի 2 ձև՝ զգայական և բանական: Փիլիսոփայության ճանաչման առարկան ոչ թե առանձին իրերն են, այլ նրանց էությունը, ընդհանուրն ու անփոփոխը, որ առկա է իրերի և երևույթների մեջ:
Դավիթ Անհաղթը փիլիսոփայության գոյությունը բխեցրել է Աստծու գոյությունից և պաշտպանել Աստծու՝ որպես ամեն ինչի պատճառի և արարչի սկզբունքը: Անդրադառնալով փիլիսոփայության սահմանմանը և բաժանմանը՝ առաջ է քաշել գիտությունների դասակարգման հարցը, որի կենտրոնում դրել է փիլիսոփայությունը՝ «արվեստների արվեստը և գիտությունների գիտությունը», մյուսները կա՜մ նախորդում են վերջինիս՝ որպես նախապատրաստական աստիճան, կա՜մ կազմում նրա բաղկացուցիչ մասը: Տվել է փիլիսոփայության 6 սահմանում, որոնք հետագայում օգտագործել են նաև այլ ազգի փիլիսոփաներ:
Դավիթ Անհաղթի համոզմամբ` փիլիսոփայությունն ստեղծվել է մարդու հոգին զարգացնելու և կատարելագործելու համար:
Դավիթ Անհաղթը գրել է նաև բազմաթիվ հոգևոր երգեր: Նա հայ երաժշտության պատմության մեջ հայտնի է իր տեսական ընդհանրացումներով. արժևորել է երաժշտական արվեստի ներգործության մեծ ուժը:
Դավիթ Անհաղթը Հայաստանում գեղագիտական մտքի սկզբնավորողներից է. առաջարկել է արվեստների դասակարգման յուրօրինակ սխեմա:
Ըստ ավանդության՝ Դավիթ Անհաղթը հայրենիքում մեծ զրկանքներ ու տառապանքներ է կրել, հալածվել և ստիպված մեկուսացել է Հաղպատի մենաստանում: Հետագայում Հայ եկեղեցին նրան դասել է սրբերի շարքը, իսկ աճյունը տեղափոխվել է հայրենի գավառ և թաղվել Մշո Առաքելոց վանքի բակում:

Դավիթ Անհաղթի անունով Երևանում կոչվել  են փողոց և հրապարակկանգնեցվել է նրա հուշարձանը:

Комментариев нет:

Отправить комментарий